ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի առաքելությունը, որը Բաքվի խնդրանքով առաջիկայում կուղարկվի Լեռնային Ղարաբաղ, կենտրոնանալու է տարածաշրջանի քաղաքացիների մարդասիրական կարիքների բացահայտման վրա։ Այս հայտարարությունն արել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
ՄԱԿ-ի առաքելության առաջիկա այցի մասին ավելի վաղ հայտնել էր Ադրբեջանի արտգործնախարարությունը։
«Թիմը կփորձի տեղում գնահատել իրավիճակը և հստակեցնել թե՛ այնտեղ մնացած (Արցախում. խմբ.), թե՛ այնտեղից հեռացող մարդկանց հումանիտար կարիքները»,- ասել է Դյուժարիկը ճեպազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ առաքելությունը կմեկնի հանգստյան օրերին, և կազմում կընդգրկվեն ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության տեխնիկական թիմը, ինչպես նաև կազմակերպության տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։