Հաթերքի մարտական դիրքերում 2 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Փրկարար ծառայության աշխատակիցներ. արխիվային լուսանկար
Նրանց ինքնությունը դեռ չի հաստատվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Մարտակերտի շրջանում այսօր ևս 2 աճյուն է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Հաթերք գյուղի հարակից մարտական դիրքերում սեպտեմբերի 29-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն»,– ասված է հաղորդագրությունում։
Առաջիկայում կհաստատվի նրանց ինքնությունը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։