Եվլախում մեկնարկել է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հերթական հանդիպումը

Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումը. արխիվային լուսանկար
ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին բանակցություններն անցկացվել էին սեպտեմբերի 21–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Եվլախում ընթանում է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպումն անցկացվում է ռուսական կողմի միջնորդությամբ։ Հայկական կողմից մասնակցում են Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը և ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, ադրբեջանական կողմը ներկայացնում է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու Ռամին Մամեդովը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։