Երթևեկությունը Սևանի ու Պուշկինի լեռնանցքների թունելներով ժամանակավորապես կդադարեցվի

Պուշկինի լեռնանցքի թունելը. Արխիվային լուսանկար
Պատճառը հիմնանորոգման նախագծային աշխատանքներն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ժամանակավորապես դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը Սևանի լեռնանցքի ու Պուշկինի լեռնանցքի թունելներով, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սևանի լեռնանցքի թունելի (Դիլիջանի թունել) և Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը Սևանի լեռնանցքի թունելով՝ սույն թվականի հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 6-ը՝ ժամը 22:00-ից մինչև 06:00, իսկ Պուշկինի լեռնանցքի թունելով՝ հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 22:00-ից մինչև 06:00»,-նշված է հաղորդագրության մեջ։
Պատճառվող անհարմարության համար գերատեսչությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։