Երևանի քաղաքապետարանի տրամադրած 25 ավտոբուսով արցախցիները Ստեփանակերտից հասել են Գորիս

Բռնի տեղահանված արցախցիները Գորիսում
Նշենք, որ բոլոր ավտոբուսները ԼՂ էին մեկնել երեկ ուշ երեկոյան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի տրամադրած 25 ավտոբուսը Արցախի բնակիչներին արդեն տեղափոխել է Գորիս։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար: Երեկ ուշ երեկոյան ուղևորված թվով 25 ավտոբուսներն արդեն մեր հայրենակիցներին տեղափոխել են Գորիս: Ավտոբուսների հերթական խմբաքանակն այսօր կրկին կմեկնի ԼՂ»,– ասված է հաղորդագրությունում:
Կառույցից նաև նշել են, որ քաղաքացիները Լեռնային Ղարաբաղից կարող են իրենց հետ նաև ընտանի կենդանիներին տեղափոխել:
Հիշեցնենք` սեպտեմբերի 29-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ մայրաքաղաքում ավտոբուսների ժամանման միջակայքերը կավելանան` բռնի տեղահանված արցախցիներին ՀՀ տեղափոխելու հետ կապված։
Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 29-ի ժամը 06:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 84 770 անձ: