ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Եվրամիությունը հայտարարում է Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթի մասին, բայց միաժամանակ հույս ունի, որ Ադրբեջանին վերաինտեգրման գործընթացը կհաջողվի։
ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողության և Լաչինի միջանցքի մի քանի ամիս տևած շրջափակման հետևանքով ներկայում տեղի է ունենում ղարաբաղահայության զանգվածային արտագաղթ։ Մարդիկ լքում են իրենց տները Լեռնային Ղարաբաղում և ապաստան գտնում Հայաստանում։
Միևնույն ժամանակ Բրյուսելում նշում են, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար, այդ թվում՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու` առանց ահաբեկման և խտրականության։ Խոսվում է նաև տեղահանված անձանց վերադարձի իրավունքի մասին: Շեշտվում է` ԵՄ-ի համար չափազանց կարևոր է, որ ՄԱԿ-ի առաքելությունը կարողանա մուտք գործել տարածք առաջիկա օրերին:
«Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտարարված հատուկ հարթակի միջոցով Հայաստանի բնակիչների գրանցման գործընթացի մեկնարկը։ ԵՄ– ն կշարունակի ուշադիր հետևել իրադարձությունների զարգացմանը»,– ասված է հայտարարության մեջ։
ԵՄ պատվիրակությունը հիշեցնում է, որ Եվրահանձնաժողովն ավելի վաղ հայտարարել էր 5 մլն եվրոյի չափով մարդասիրական օգնության լրացուցիչ փաթեթի մասին՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված մարդկանց և նրանց համար, ովքեր խոցելի վիճակում են հայտնվել Ղարաբաղի ներսում: ԵՄ-ն և անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրել։
Եվրամիությունը նաև աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքին, որը նպաստում է վիրավորների և հիվանդների շտապ տարհանմանը, ինչպես նաև տեղում շտապ օգնության ցուցաբերմանը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։