ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված շուրջ 93 հազար քաղաքացի ժամը 16։00-ի դրությամբ հասել է Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Ժամը 12։00-ի դրությամբ ԼՂ–ից բռնի տեղահանվածների թիվը 91 հազար 448 էր, իսկ այս պահի դրությամբ այդ թիվը հասել է շուրջ 93 հազարի»,– ասաց Բաղդասարյանը։
Նա հավելեց, որ Հակարիի կամուրջը 12։00-ի դրությամբ հատել է 19 հազար 103 տրանսպորտային միջոց։
Բաղդասարյանը շեշտեց` Գորիսի և Վայքի շրջաններում հաշվառված անձանց թիվն այս պահի դրությամբ կազմում է 69 916։ Գորիսի և Վայքի կենտրոններում արդեն 63 հազար 483 անձ է հաշվառվել։
Ինչ վերաբերում է պետության առաջարկած կացարաններին, ապա այս պահի դրությամբ դրանցից օգտվել է 23 հազար 433 անձ։
«Ըստ մարզերի բաշխավածությունը հետևյալն է` Արագածոտնի մարզում կացարանով ապահովվել է 976, Արարատի մարզում` 6031, Արմավիրի մարզում` 2124, Գեղարքունիքի մարզում` 2137, Լոռու մարզում` 1187, Կոտայքում` 5323, Շիրակի մարզում` 897, Սյունիքում` 2050, Վայոց Ձորում` 1555, իսկ Տավուշում` 1183 բռնի տեղահանված անձ»,– ասաց Բաղդասարյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։