Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախից 98 625 քաղաքացի է մուտք գործել Հայաստան

Ավտոբուսները կրկին ճանապարհվել են Լեռնային Ղարաբաղ, որպեսզի մեր մյուս հայրենակիցներին Հայաստան տեղափոխեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ժամը 20։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 98 625 անձ է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Հակարիի կամուրջը հատել է 20 892 տրանսպորտային միջոց»,– ասաց նա։
Բաղդասարյանի խոսքով` երեկ Երևանից Ստեփանակերտ ուղևորված ավտոբուսներով արդեն 1 560 քաղաքացի է տեղափոխվել Գորիս։ 46 ավտոբուսները կրկին ճանապարհվել են Լեռնային Ղարաբաղ մեր մյուս հայրենակիցներին ՀՀ տեղափոխելու համար։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով` 18։40–ի դրությամբ ավտոբուսները հատել են Հակարիի կամուրջը։
«Բոլոր նրանք, ովքեր չունեն տրանսպորտային միջոց, պետք է ուշադիր լինեն, որ հնարավոր լինի տեղափոխումն իրականացնել»,– ասաց Բաղդասարյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։