ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի և Ներկայացուցիչների պալատի 96 ներկայացուցիչ համատեղ նամակով դիմել են Պետդեպարտամենտին և ԱՄՆ գանձապետարանի դեպարտամենտին (ֆինանսների նախարարություն) և պահանջել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ: Նամակը Պետդեպին ու նախարարությանն են փոխանցել սենատորներ Շելդոն Ուայթհաուսը, Ջեք Ռիդը, Բիլ Կասիդին և Ներկայացուցիչների պալատի անդամներ Սեթ Մագազինգերը, Գուս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը:
Կոնգրեսականները նշել են, որ երկու գերատեսչությունները կարող են պատժամիջոցներ կիրառել՝ առաջնորդվելով մարդու իրավունքների վերաբերյալ հաշվետվողականության մասին օրենքով, որը հայտնի է նաև որպես «Մագնիցկու օրենք» (Global Magnitsky Human Rights Accountability Act):
Նամակում նշվում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները շատ ծանր են եղել Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչների, հատկապես երեխաների, տարեցների, քրոնիկ հիվանդություններ կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Նամակում նշվում է, որ ավելի քան ինը ամիս Ադրբեջանի իշխանությունը փորձել է սովամահ անել Ղարաբաղի բնակչությանը, որից հետո լայնածավալ հարձակում է սկսել տարածաշրջանի վրա:
«Այդ հարձակումը սրել է հումանիտար ճգնաժամի վերաբերյալ մտահոգությունները, իսկ Ադրբեջանի իշխանության «վերաինտեգրման» (Արցախի հայ բնակչության. խմբ.) հայտարարությունների տակ էթնիկ զտումներ և մշակութային ցեղասպանություն է նկատվում», - նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։