ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Դուբլինում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին այսօր ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությանը նախորդող իրադարձությունների մանրամասներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«ՀՀ ԱԺ նախագահը թվարկել է անվտանգային խնդիրներն ու ադրբեջանական զինուժի լայնածավալ հարձակման հետևանքները»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ուկրաինացի գործընկերը կարևորել է երկկողմ հանդիպումը՝ պատրաստակամություն հայտնելով նաև բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ:
Քննարկվել են նաև միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները:
Երկուստեք կարևորվել է խորհրդարանների դերը միջազգային հարաբերություններում՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության լայն հնարավորությունները:
Նշվում է, որ կողմերն առաջնահերթություն են դիտարկել տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգային խնդիրների լուծման հրատապությունը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։