ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ քաղաքացիական անձանց՝ ի հեճուկս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԵԽ նախագահների համաժողովում իմ ելույթում, հայտնում է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։
«Ավելին, դատարանի որոշումից հետո Ադրբեջանը Հայաստանի տարածքից առևանգել է 2 հայ զինծառայողի, ինչի հետևանքով հաստատված ռազմագերիների ընդհանուր թիվը հասել է 35-ի»,-ասել է Սիմոնյանը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, որոնց մի մասը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ:
«Հարգելի գործընկերներ, ես չզարմացա, որ թուրք գործընկերը հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ռազմական ուժի կիրառմանը։ Ես չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը։ Ինձ զարմացնում է այն, որ նրանք դա անում են այստեղ՝ Մարդու իրավունքների պաշտպանության համար հիմնադրված կազմակերպությունում»,-ասել է նա:
Սիմոնյանը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում արդար և հարատև խաղաղության հասնելուն։
«Հուսով ենք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ առաջնորդների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի: Հայաստանը վճռականորեն աջակցում է վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի կողմից համաձայնեցված և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ձևակերպված խաղաղության մոտեցմանը»,-նշել է ԱԺ նախագահը:
Նա ընդգծել է, որ ՀՀ-ն ողջունում է ապագա տրանսպորտային համաձայնագրերը, որոնք հարգում են ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները: Սիմոնյանը կոչ է արել միջազգային հանրությանը, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդին, աջակցել այս գործընթացին:
Նշենք, որ դեռևս 2021 թվականի փետրվարի 4-ին Հայաստանի կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար:
Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել էին բազմաթիվ և ծավալուն ապացույցներ: Բարձրացված էր նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց, Արցախի տեղահանված բնակչության, զոհված և վիրավորված քաղաքացիական անձանց, նրանց հարազատների, սեփականությունը կորցրածների, տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության մի շարք հարցեր։
Հիշեցնենք` Բաքուն հաստատում է2020թ. 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։