ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի սահմանապահները կալանավորել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Նրան մեղադրում են Լեռնային Ղարաբաղում ահաբեկչական հանցագործություններ կատարելու մեջ։
Նշենք, որ բարձրաստիճան զինվորականը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարազատ եղբայրն է։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Դավիթ Մանուկյանին ձերբակալել է սեպտեմբերի 27-ին։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում նաև ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի ձերբակալման մասին հրապարակումներ էին հայտնվել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական սահմանապահ ծառայությունը հայտնեց, որ Հայաստան մուտք գործելու փորձի ժամանակ ձերբակալել են բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական դատարանը նրան 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածով։ Վերջինիս 14 տարվա ազատազրկում է սպառնում։