Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ադրբեջանի իշխանության ստեղծված աշխատանքային խումբը հոկտեմբերի 2-ին կայցելի Ստեփանակերտ

Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կայացել է Եվլախում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ղեկավարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը հոկտեմբերի 2-ին կայցելի Ստեփանակերտ: Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հերթական հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։
Այցի նպատակը տնտեսական, կոմունալ և այլ հարցերը տեղում լուծելն է:
Ըստ հաղորդագրության` Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները դիմել են Ադրբեջանի համապատասխան պետական կառույցներին՝ բջջային կապի և հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների կազմակերպման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով (ադրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտի մոտ գտնվող 50–մետրանոց խաչը, որը բջջային կապի աշտարակի դեր էր կատարում. խմբ.)։
«Ղարաբաղի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու Ռամին Մամեդովն իր հերթին ներկայացրել է վերաինտեգրման գործընթացի և սոցիալական ծառայությունների փաթեթի հետ կապված ընթացակարգերը», - ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։