Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ադրբեջանի հարձակման հետևանքով սպանված 2 երեխաներին կհուղարկավորեն Մասիսում

Մոմեր
Միքայել և Նվեր Ղազարյանները բնակվում էին Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի հարձակման հետևանքով սպանված երեխաներից երկուսին կհուղարկավորեն Մասիսի քաղաքային գերեզմանատանը։ Տեղեկությունը հայտնում է Մասյացոտն թեմի Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը։
«Սեպտեմբերի 30-ին` ժամը 14:00-ին, Մասիսի քաղաքային գերեզմանատանը տեղի կունենա Ադրբեջանի հարձակման հետևանքով սպանված երեխաների՝ 10 տարեկան Միքայել Ղազարյանի և 8 տարեկան Նվեր Ղազարյանի հուղարկավորության արարողությունը»,– նշել է նա:
Միքայել և Նվեր Ղազարյանները բնակվում էին Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում, որն ադրբեջանական հարձակումից առաջ 76 բնակիչ ուներ։ Նրանցից 5-ը զոհվել են, 15–ը` վիրավորվել, 4-ը` գերեվարվել։ Միքայելն ու Նվերը զոհերի թվում են եղել։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։