Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Լևոն Մնացականյանին և Արշավիր Ղարամյանին

Նախնական տվյալներով` երկու նախկին պաշտոնյային էլ Հակարիի կամրջի վրա են բռնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանին։ Այս մասին հայտնում են հայկական ԶԼՄ–ները։
Նախնական տվյալներով` երկուսին էլ բռնել են Հակարիի կամրջի վրա։
Գեներալ–լեյտենանտ Լևոն Մնացականյանը պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրել է 2015-2018 թթ, որոշ ժամանակ անց եղել է նաև ԱԻՆ–ի և ոստիկանության պետ։
Արշավիր Ղարամյանն էլ ԱԽ քարտուղար է եղել 2018-2020 թթ, իսկ մինչ այդ` 2014-2018 թթ, նա զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական սահմանապահ ծառայությունը հայտնեց, որ Հայաստան մուտք գործելու փորձի ժամանակ ձերբակալել են բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական դատարանը նրան 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածով։ Վերջինիս 14 տարվա ազատազրկում է սպառնում։