ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով ԼՂՀ նախագահ Սամվել Շահրամանյանի այսօրվա հրամանագիրը, ըստ որի` հունվարի 1–ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ:
«Մենք դա ի գիտություն ենք ընդունել, ուշադիր հետևում ենք իրավիճակին, առաջին հերթին, իհարկե, կարևոր է հումանիտար ասպեկտը»,– ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ խաղաղապահները շարունակում են աջակցել մարդկանց, որոնցից շատերը Հայաստանի տարածք տեղափոխվելու ցանկություն են հայտնում։
«Բոլոր ցանկացողներին աջակցություն է ցուցաբերվում»,– ընդգծել է ՌԴ նախագհի խոսնակը։
Լրագրողները նրան հարցրել են, թե ով է մեղավոր, որ հայերը սկսել են զանգվածաբար լքել Լեռնային Ղարաբաղը։
«Դժվար է ասել` ով է մեղավոր, քանի որ նման գործողությունների համար ուղիղ պատճառ չկա, բայց, այնուամենայնիվ, մարդիկ Ղարաբաղի տարածքը լքելու ցանկություն են հայտնում։ Նրանց մի մասը գուցե ցանկանում է ընդմիշտ լքել, մի մասը՝ ժամանակավորապես տրանսֆորմացիայի շրջանում», - պատասխանել է Պեսկովը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։