ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի ընդունած փաստաթղթերը մինչ օրս Երևանին չեն օգնել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի որևէ ներկայացուցչի։ Այս մասին ասել է քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) դոկտոր Արթուր Խաչիկյանը Հայաստանի արևելագետների միության մամուլի ասուլիսի ժամանակ:
«Կուզենայի հիշել, թե վերջին անգամ երբ ենք որևէ կազմակերպության կամ փաստաթղթի միջոցով պատասխանատվության կանչել Ադրբեջանի որևէ ներկայացուցչի վերջին 35 տարվա ընթացքում։ Շատ կուզեի դա իմանալ»,-ասել է Խաչիկյանը։
Բացի այդ, նրա խոսքով, շատ երկրներ չեն ընդունում այս դատարանի իրավասությունը: Ոչ մի շանս չկա, որ «Եվրոպայի հուսալի գործընկեր» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության կկանչեն՝ հաշվի առնելով բազմամիլիարդանոց պայմանագրերը:
Ընդ որում, ԵՄ-ն, ըստ Խաչիկյանի, ուղիղ տեքստով ասում է, որ չի պատրաստվում անգամ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։
«Վավերացումը միայն մեկ բան կանի։ Ռուսաստանի հետ խզված հարաբերություններն էլ ավելի կվատթարանան, ավելի թշնամական կդառնան։ Ի՞նչ կտա դա մեզ»,-ասաց Խաչիկյանը։
Նրա խոսքով՝ բոլորը խիստ ճնշված են այն ամենից, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Բայց իրավիճակն էլ ավելի վատացնելը, Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելը Հայաստանին ոչինչ չեն տա։
Այս ամենի պատճառը, ըստ քաղաքագետի, առողջ դատողության և հաշվարկի բացակայությունն է։ Հայաստանի իշխանությունները սխալներ են անում, հետո մտածում, թե ինչպես արդարացնեն դրանք և ում վրա բարդեն պատասխանատվությունը։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։ Նա հավելեց նաև, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին։ Փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։