Միրզոյանը և Բիլստրյոմը քննարկել են ԼՂ–ից զանգվածային բռնի տեղահանման հետևանքները

Արարատ Միրզոյան
Կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը: Միրզոյանը շեշտել է տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի, ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի նկրտումների զսպման հրամայականը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Միրզոյանն ընդգծել է միջազգային համարժեք գնահատականի կարևորությունը թե´ ներկայիս մարդասիրական մարտահրավերների հաղթահարման, թե´ հետագա ուժի կիրառումները կանխելու համատեքստում:
«Ադրբեջանի՝ էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով արդեն շուրջ 70 000 անձ ԼՂ-ից բռնի տեղահանվել է ՀՀ»,–ասել է Միրզոյանը:
Նա շեշտել է տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի, ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի նկրտումների զսպման հրամայականը: Ընդգծվել է ԵՄ և իր անդամ պետությունների կողմից համապատասխան ազդակների անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։
Սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 70 500 մարդ։