ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը կաջակցի և տրանսպորտային միջոցով կապաահովի Ստեփանակերտում գտնվող բոլոր այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են ՀՀ տեղափոխվել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նշենք, որ այսօր ՀՀ կառավարությունը 40 ավտոբուս է ուղարկել Ստեփանակերտ, որոնք պետք է բերեն մոտ երկու հազար մարդու։
Խաչատրյանի խոսքով ՝ դրանք այն մարդիկ են, որոնք սեփական տրանսպորտային միջոցներ չունեն։
«Այդ մարդիկ դեռ տեղահանված չեն և սպասում են առաջին հնարավոր եղանակին։ Մենք տեղեկություն չունենք թե այդ 2000 մարդու վերադարձից հետո որքանը կշարունակեն մնալ Ստեփանակերտում, բայց մենք մինչև վերջին մարդուն աջակցելու ենք, որ ապահովված լինեն տրանսպորտային միջոցով», - ասաց փոխվարչապետը:
Նա հավելեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք առաջիկայում հնարավորություն կունենան դիմելու և 100.000–ական դրամ գումար ստանալու, բանկային քարտերը կբացվեն առաջիկա օրերին։
Աշխատանքները կիրականացվեն մարզկենտրոններում գործող սոցիալական գործակալությունների միջոցով։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։