ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչ, որոնք անհետ կորած էին համարվում, հայտնաբերվել են։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ երեկ գիշերը փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել նրանց»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ վերջիններիս հետ 1 շաբաթ կապ հաստատել չէր հաջողվում, բայց այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։