ՄԱԿ-ը կոչ է արել Ադրբեջանին հարգել Ռուբեն Վարդանյանի և բոլոր ձերբակալվածների իրավունքները

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ պետք է ձեռնարկել բոլոր միջոցները պատշաճ իրավական ընթացակարգի և արդար դատաքննության իրավունքի պահպանման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել հարգել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) կառավարության նախկին ղեկավար (պետնախարար-խմբ.) Ռուբեն Վարդանյանի իրավունքները, որը ձերբակալվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս մասին Ժնևում ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրոսելը` մեկնաբանելով Վարդանյանի կալանավորման որոշումը։
Հայտնել էինք, որ ադրբեջանական դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 4-ամսյա կալանքը։ Նրան 3 մեղադրանք է առաջադրվել` ֆինանսական ահաբեկչություն, ապօրինի զինված խմբերի ձևավորում և դրանց մասնակցություն, պետական սահմանի ապօրինի խախտում։
«Մենք կոչ ենք անում իշխանություններին ձեռնարկել բոլոր միջոցները պատշաճ իրավական ընթացակարգի և արդար դատաքննության իրավունքի պահպանման համար, ինչպես դա պահանջում է մարդու իրավունքների միջազգային իրավունքը։ Չափազանց կարևոր է, որ Ռուբեն Վարդանյանի և ցանկացած այլ ձերբակալված անձանց իրավունքները լիարժեք հարգվեն և պաշտպանվեն», - ասել է Թրոսելը։
Հիշեցնենք` երեկ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն տարածեց` նշելով, որ առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Ադրբեջանի ԱԱԾ–ն հաստատեց Վարդանյանին ձերբակալելու լուրը` տեղեկացնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։
Հրապարակվել են Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու կադրերը
Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 4-ամսյա կալանքը։
ՀՀ կառավարությունը Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար դիմել է ՄԻԵԴ, որպեսզի միջանկյալ միջոց կիրառվի, և Բաքուն տեղեկություններ տրամադրի այն մասին, թե ուր են տարել Վարդանյանին, ինչ վիճակում է նա գտնվում։