Լևոն Տեր–Պետրոսյանը գնահատում է ընդդիմության տրամադրվածությունը

Լևոն Տեր–Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահը կարծում է, որ այսօր ոչինչ չպետք է շեղի Հայաստանում արցախահայությանն արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն ավելի չսրելու տրամադրվածությունը: Այս մասին ասված է նրա հայտարարությունում։
«Թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանն այսօր ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը Հայաստանում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից»,– նշել է ՀՀ առաջին նախագահը։
Տեր–Պետրոսյանը միաժամանակ ընդգծել է, որ մեր ազգին բաժին ընկած ողբերգության համար Հայաստանի իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։
Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր սկսվեցին։ Մարդիկ պատասխան էին պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
Համաժողովրդական շարժումը համակարգելու համար ազգային կոմիտե ձևավորվեց, որում ընդգրկվեցին Հայկ Մամիջանյանը (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյանը («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյանը («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյանը («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։
Սեպտեմբերի 26-ին հայտարարվեց, որ հերթական հանրահավաքը հետաձգվում է, քանի որ ազգային կոմիտեն իր աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին։