ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որը Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու էր առաջադրել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել նրանց։ Ֆեյսբուքյան էջում կուսակցության տարածած հայտարարության մեջ շեշտվում է` որևէ կոալիցիա չեն կազմելու։
«Մենք ասել ենք, որ դաշինքի չենք գնում, կոալիցիա չենք կազմում որևէ ուժի հետ։ Մենք ասել ենք ու ասում ենք` եթե ավագանու մանդատ ստացած ուժերը իրոք ցանկանում են իշխանությունից զրկել ՔՊ–ին Երևանում, ապա առաջարկում ենք քվեարկել մեր թեկնածուի օգտին»,– նշված է հայտարարության մեջ:
Քաղաքական ուժը վերահաստատել է իր դիրքորոշումը` ՔՊ–ն պետք է հեռանա թե՛ Երևանի, թե՛ ՀՀ կառավարումից։ Ստեղծված աղետալի իրավիճակի և բոլոր ոլորտները ձախողելու համար կուսակցությունը ՔՊ–ին է պատասխանատու համար։
«Ազգային առաջընթացը» շեշտում է, որ «Հանրային ձայն» կուսակցության առաջարկը հակասում է իրենց սկզբունքներին։
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեցին 13 կուսակցություն և 1 դաշինք։ Քաղաքական ուժերից որևէ մեկին չհաջողվեց 50+ տոկոս քվե հավաքել, բայց նրանցից 5–ը, այնուամենայնիվ, հաղթահարեցին անցողիկ շեմը` «Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան), «Ազգային առաջընթաց» կուսակցության (Հայկ Մարության), «Հաղթանակ» կուսակցություն (Արտակ Զեյնալյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան) և «Մայր Հայաստան» դաշինք (Անդրանիկ Թևանյան)։