ԿԽՄԿ–ն կոչ է անում իշխանություններին ԼՂ–ում պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը

Կարմիր խաչի ավտոմեքենաները Կոռնիձորում
Կազմակերպությունից հայտնում են, որ պատրաստ են հանդես գալ որպես չեզոք միջնորդ և աջակցել անվտանգ տեղաշարժին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է անում իշխանություններին (պաշտոնական Երևանին և Բաքվին–խմբ.) պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և օրենքի այլ կիրառելի նորմերը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` անդրադառնալով ԼՂ–ից հեռացող ընտանիքներին և բնակչության լայնածավալ տեղաշարժին։
«Անվտանգ տեղաշարժի ցանկացած քայլ պետք է իրականացվի միայն այն դեպքում, եթե մարդիկ իրենք են կայացրել այդ որոշումը: Ընտանիքի անդամները չպետք է բաժանվեն իրենց կամքին հակառակ: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հիվանդներին, վիրավորներին, տարեցներին, հղիներին, հաշմանդամներին և բաժանված/չուղեկցվող երեխաներին»,– նշված է ԿԽՄԿ հայտարարության մեջ:
ԿԽՄԿ–ից հայտնում են, որ պատրաստ են հանդես գալ որպես չեզոք միջնորդ և աջակցել իրականացնելու անվտանգ տեղաշարժ՝ պայմանով, որ շահագրգիռ անձինք իրենց երկիրը լքելու որոշման մեջ ինքնուրույն ու ազատ կլինեն, ինչպես նաև` իշխանություններն իրենք կխնդրեն այդ մասին և կհամաձայնեցնեն պայմանները:
Այդ դեպքումԿԽՄԿ հիմնական առաջնահերթություններն են` ապահովել հեռացող մարդկանց ազատ տեղաշարժը, նրանց, որոնք նախընտրում են մնալ իրենց բնակավայրում, ապահովել սննդի, առողջապահական և այլ հիմնական ծառայությունների հասանելիությունը` ջրամատակարարում, էլեկտրամատակարարում և այլն, օգնել պահպանել և վերականգնել կապերը ընտանիքի բաժանված անդամների միջև, ինչպես նաև շարունակել վիրավորների տեղափոխումը, բժշկական օգնության ցուցաբերումը և այլն:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։
Սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 70 500 մարդ։