ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշումները ուղեղում չի տեղավորվում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով երկկողմ համաձայնագիր ստորագրելու Հայաստանի առաջարկը, որով Երևանը փորձում է կարգավորել Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված իրավիճակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է երկկողմ համաձայնագիր ստորագրել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի հարցի իրավական լուծման համար:
«Հայաստանը շատ լավ գիտի, որ մենք մասնակից չենք (Հռոմի ստատուտին), և Հայաստանը քաջատեղյակ է, որ այդ ստատուտի հիման վրա կայացված որոշումը դժվարությամբ է ուղեղում տեղավորվում։ Մենք գիտենք, որ Երևանին դա շատ լավ հայտնի է», - ասել Է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։
Պեսկովը նաև հայտարարել է, որ չի տիրապետում Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված` ՌԴ-ին արված առաջարկին։ Նա նշել է, որ Հայաստանը «որոշակի փաստարկներ է ունեցել հօգուտ այդ կանոնադրության ընդունման անհրաժեշտության»:
«Սակայն այս դեպքում ես չեմ տիրապետում երկկողմ համաձայնագիր կնքելու առաջարկի վերաբերյալ մանրամասներին», - ասել է Պեսկովը՝ հավելելով, որ եթե Հայաստանը ստանձնի միջազգային պարտավորություններ, այստեղ պետք է նայել, թե ինչն է նա համարում գերակայող։
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատական պալատը, որի իրավասությունը Մոսկվան չի ճանաչում, մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր է տվել:
Պեսկովը նշել է, որ Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի ծրագրերը ՌԴ–ն չի ողջունում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Երևանը որոշել է վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, քանի որ ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական գործընկերության գործիքները բավարար չեն երկրի անվտանգությունն ապահովելու համար։