ՀՀ կառավարությունը նվիրատվություն ստացած ջրագիծը վարձակալության տվեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ–ին

ՀՀ կառավարություն
ՀՀ ՏԿԵ նախարարության և «Վեոլիա ջուր» ՓԲԸ–ի միջև վարձակալության համաձայնագիրը կկնքվի եռամսյա ժամկետում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան բնակավայրի ջրագիծը, որը նվիրատվություն է ստացել համայնքից, վարձակալության հանձնեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ–ին։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Նվիրատվություն ստացած գույքը ՀՀ կառավարության որոշմամբ ամրացվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին։
«Պռոշյան բնակավայրի ջրագիծը վարձակալությամբ հանձնվում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ–ին, քանի որ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող կազմակերպությանն է իրավունք տրվում օրենքով սահմանված կարգով խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցել բաժանորդներին, իրականացնել ջրի մանրածախ վաճառք, ինչպես նաև իր սպասարկման տարածքում տիրապետել, շահագործել, պահպանել, բարելավել և ընդլայնել իր ջրային համակարգը»,– նշված է նախագծի հիմնավորման մեջ։
ՏԿԵ նախարարության և «Վեոլիա ջուր» ՓԲԸ–ի միջև վարձակալության համաձայնագիրը կկնքվի եռամսյա ժամկետում։
ՀՀ կառավարությունը հաստատեց համաձայնագիրը, որով կմշտադիտարկվի ԱՊՀ ռադիացիոն իրավիճակը