ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի առողջապահական տարբեր հաստատություններում այս պահին շարունակում է բուժում ստանալ Արցախից բռնի տեղահանված 342 բուժառու։ Տեղեկությունը հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 11 երեխա, այդ թվում` 4 նորածին»,–ասաց նա։
Հավելենք, որ ընդհանուր առմամբ Արցախից բռնի տեղահանված մինչև 18 տարեկան շուրջ 16.000 երեխա է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն:
Այսօր ժամը 20։00–ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 76.407 մարդ է ժամանել Հայաստան։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։