Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Հենրիխ Մխիթարյանը միացել է Ռուբեն Վարդանյանի պաշտպանության շարժմանը

Մխիթարյանը պահանջել է ապահովել Վարդանյանի անվտանգությունը և ազատ արձակել նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Հայտնի հայ ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում գրառում է արել` միանալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից ձերբակալված մյուս բոլոր հայերի պաշտպանության շարժմանը։
«Ռուբեն Վարդանյանն աչքի է ընկնում որպես խաղաղության եռանդուն կողմնակից ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար և համահիմնադիրը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, որը հանդես է գալիս խաղաղության օգտին և հնարավորություն է տալիս մարդկանց ամբողջ աշխարհում կրթություն ստանալ և օգտվել առողջապահական համակարգի ծառայություններից»,-նշել է ֆուտբոլիստը:
Մխիթարյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հազարավոր բնակիչների բռնի տեղահանման ֆոնին հայրենակիցների ձերբակալությունը տագնապալի միտում է դառնում։ Նա պահանջել է ապահովել Վարդանյանի անվտանգությունը և ազատ արձակել նրան։
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը սեպտեմբերի 27-ին հայտնել էր Հայաստան մեկնելու փորձի ժամանակ Վարդանյանին ձերբակալելու մասին: Վարդանյանը Լեռնային Ղարաբաղ էր տեղափոխվել 2022 թվականի սեպտեմբերի 1-ին։ Նա պետնախարար էր նշանակվել 2022 թվականի նոյեմբերի 4-ին և պաշտոնաթող եղել 2023 թվականի փետրվարի 23-ին։
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության ֆինանսավորման համար: Նրան սպառնում է 14 տարվա ազատազրկում։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի Ռուբեն Վարդանյանի իրավունքները պաշտպանելու համար: