Համակարգչային խաբեությամբ հափշտակել են 19 մլն դրամ. քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազություն
Հանցագործները վաճառողներին համոզել են իրենց ուղարկած հղումներով լրացնել բանկային տվյալները, որից հետո գողացել են հաշվին եղած միջոցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առնվազն 3 քաղաքացի 2022-2023 թթ. ընթացքում «List.am» կայքում ապրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման հայտարարություններ տեղադրած անձանցից 19 մլն դրամ են յուրացրել` գողանալով տուժածների բանկային տվյալները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Պարզվել է, որ հանցավոր կազմակերպության անդամներ են եղել Ա.Զ.-ն, Վ.Զ.-ն, Ի.Վ.-ն և քննությամբ չպարզված այլ անձինք։ Վերջիններս «Whatsapp» հավելվածի միջոցով են կապ հաստատել «List.am»–ում ապրանքների վաճառքով զբաղվողների հետ։
«Նրանք հանդես են եկել որպես գնորդներ կամ ծառայությունների մատուցման պատվիրատուներ և, վաճառողի գտնվելու վայրից հեռու լինելու պատրվակով, առաջարկել են նախօրոք կատարել վճարը՝ առցանց եղանակով, իսկ ապրանքները ստանալ «ՀայՓոստ», «Սուրհանդակ», «Իդրամ» առաքանիների միջոցով»,– ասված է հաղորդագրությունում։
Դրա համար վաճառողներին խնդրել են բանկային տվյալները լրացնել կեղծ հղումով, որով հասանելիություն են ստացել տուժածների բանկային հաշիվներին։
2022-2023թթ. չարագործները 67 քաղաքացուց յուրացրել են 19 մլն 38 հազար 349 դրամ գումար։ Դրա ծագումը թաքցնելու նպատակով փոխակերպել են կրիպտոարժույթի, փոխանցել փաստացի իրենց կողմից օգտագործվող էլեկտրոնային դրամապանակներին, որից հետո տիրապետել, պահել, օգտագործել և տնօրինել են։
Ա.Զ.-ին, Վ.Զ.-ին, Ի.Վ.-ին էլ մեղադրանք է առաջադրվել համակարգչային հափշտակության, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և փողերի լվացման համար։ Հարուցվել է հանրային քրեական հետապնդում։