ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Եվրախորհրդարանի պատգամավորները հոկտեմբերի 3-ի լիագումար նիստում կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, նախատեսվում է Բաքվին դատապարտող բանաձեւ ընդունել, ասվում է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։
«Երեքշաբթի օրը (հոկտեմբերի 3-ին – խմբ.) խորհրդարանը կքննարկի Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ իրավիճակը»,- նշված է փաստաթղթում։
Խորհրդարանականները պատրաստվում են «դատապարտել Ադրբեջանի չարդարացված հարձակումը»։
Առկա տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 3-ին Եվրախորհրդարանը իրավիճակի քննարկում կանցկացնի ԵՄ խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Իսպանիայի նախագահության ներկայացուցիչների հետ։ Բանաձևի քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։