Եթե կոնսենսուս չկա, Երևանի ավագանու նոր ընտրություններ են պետք. «Մայր Հայաստանի» առաջարկը

Դաշինքը վստահ է, որ ավագանին մեկնարկային քայլն է գործող իշխանություններին երկրի ղեկից հեռացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ոչ իշխանական դաշտում կոնսենսուս չլինելու պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքն առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ նշանակել։ Դաշինքն այս մասին հայտարարություն է տարածել։
Նշվում է, որ «Մայր Հայաստանը» շարունակում է ամբողջական իշխանափոխության և նոր ազգային իշխանությունների ձևավորման նպատակ հետապնդել։ Երևանի ավագանու ընտրությունները դիտարկվում են որպես մեկնարկային քայլ, և ոչ իշխանական դաշտում կոնսենսուսը միակ պայմանն է «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկմանը հասնելու համար։
«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին
«Հաշվի առնելով այս առումով մեր հանրության հետ ազնվորեն գործելու անհրաժեշտությունը՝ կոչ ենք անում ավագանու ընտրությունների արդյունքում ընդդիմադիր հռչակված կուսակցություններին հանդես գալ աներկբա հայտարարություններով և դիրքորոշումներով, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չեն տա և հնարավորություն կընձեռեն միասնական ջանքերով բացառելու գործող իշխանության վերարտադրումը»,– ասված է հայտարարությունում։
Դաշինքից ընդգծում են, որ ավագանու նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացումը կմնա միակ լուծումը ստեղծված իրավիճակում։
Իշխանափոխության կլինի հասնել, բայց ոչ փողոցում. Հայկ Մարությանը ներկայացրեց իր ծրագիրը
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեցին 13 կուսակցություն և 1 դաշինք։ Քաղաքական ուժերից որևէ մեկին չհաջողվեց 50+ տոկոս քվե հավաքել, բայց նրանցից 5–ը, այնուամենայնիվ, հաղթահարեցին անցողիկ շեմը` «Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան), «Ազգային առաջընթաց» կուսակցության (Հայկ Մարության), «Հաղթանակ» կուսակցություն (Արտակ Զեյնալյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան) և «Մայր Հայաստան» դաշինք (Անդրանիկ Թևանյան)։