Չափազանց վտանգավոր երևույթ է. ՄԻՊ–ը` Լեռնային Ղարաբաղում մարդկանց առևանգման մասին

Անահիտ Մանասյան. Արխիվային լուսանկար
Քաղաքացիների իրավունքների խախտման առնչությամբ Անահիտ Մանասյանը միջազգային գործընկերների հետ կապի մեջ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ադրբեջանական զինծառայողների կողմից Լեռնային Ղարաբղում մարդկանց առևանգումը վտանգավոր երևույթ է համարում։
Այս մասին Մանասյանը հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
«Մեր քաղաքացիների հարցի հետ կապված կարող եմ ասել, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից դա չափազանց վտանգավոր երևույթ է։ Այս ամենը տեղի է ունենում մարդու իրավունքների սահմանափակմանը վերաբերող միջազգային երաշխիքների խախտմամբ»,– ընդգծեց նա։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանավորման հարցին՝ Մանասյանն ընդգծեց, որ կապի մեջ է միջազգային գործընկերների հետ և նրանց տրամադրում է համապատասխան տեղեկություններ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 66 հազար 500 անձ:
Առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։