Ցեղասպանություն է. Մել Գիբսոնը միջազգային կառույցներին հորդորել է պաշտպանել արցախցիներին

Մել Գիբսոն
Հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել հայերին խիստ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Պատմությունը ողբերգականորեն կրկնվում է, hայ ժողովուրդը, որը դարեր շարունակ հալածանքներ է կրել իր հավատքի համար, կրկին դատապարտվել է էթնիկ զտման: Այս հայտարարությունն արել է հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը։ Նրա տեսաուղերձը հրապարակել է Հայ դատի հանձնախումբը (ANCA):
«Ականատես ենք դառնում նոր ցեղասպանության: Լրատվամիջոցները լռում են այս հարցի շուրջ: Ադրբեջանի և Թուրքիայի իշխանության ձեռքով հայերն անասելի սարսափներ են ապրում՝ մարդկային կորուստներ, բռնի տեղահանում, սով և մեկուսացում: Այն նույն հայերը, որոնք այս հողի վրա են ապրել սերունդներ շարունակ»,–ասել է Գիբսոնը:
Նա միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել հայերին խիստ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար։ Գիբսոնի խոսքով` պետք է հրատապ դիվանագիտական ջանքեր գործադրել, որպեսզի տեղահանված մարդիկ վերադառնան իրենց տները։
«Հայ ժողովրդին, որը դեռ տառապում է, ես ասում եմ` մի հուսահատվեք, Աստված ձեզ հետ է»,–հավելել է նա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։
Արցախից արդեն 68 386 քաղաքացի է մուտք գործել Հայաստան