Բաքուն ունի ԼՂ հարյուրավոր հայերի ցուցակ, որոնց ցանկանում է ձերբակալել. դիվանագետ

Ադրբեջանի դատախազությունը
Ադրբեջանի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները սկսել են Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի գրանցման գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանն ունի Լեռնային Ղարաբաղի մի քանի հարյուր հայի ցուցակ, որոնց ցանկանում է ձերբակալել` տարբեր մեղադրանքներով։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով բարձրաստիճան դիվանագետի իր աղբյուրին:
«Ադրբեջանն ունի ԼՂ–ում մի քանի հարյուր հայի ցուցակ, որոնց ցանկանում է ձերբակալել տարբեր մեղադրանքներով»,– ասվում է հոդվածում:
Ընդ որում, Ադրբեջանի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները սկսել են Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի գրանցման գործընթացը՝ նրանց իրավական կարգավիճակը որոշելու նպատակով:
«Այդ գործունեության շրջանակներում առաջին փուլում նախատեսվում է ԼՂ տնտեսական շրջանում բնակվող հայ բնակիչների գրանցում»,– ասված է վարչակազմի հաղորդագրության մեջ:
Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս գալու մասին հայտարարել էր 35 տարի առաջ և 1992–1994 թթ. Ադրբեջանի հետ զինված հակամարտությունից հետո երկար տարիներ եղել է որպես չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ ԼՂՀ-ն կդադարի գոյություն ունենալ 2024 թ. հունվարի 1–ից։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ մինչև Հակարիի կամրջի անցակետը Ադրբեջանի կողմից կամայական ձերբակալություններ են տեղի ունենում, որը չափազանց անհանգստացնող փաստ է։
Հիշեցնենք նաև` երեկ Ադրբեջանի սահմանապահները ձերբակալել և գերեվարել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նա երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։