ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ՀՀ բյուջեից կհատկացվի 100-հազարական դրամ, ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ»,-գրել է նա:
Փաշինյանը նշել է, որ այսօր երեկոյան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հ1-ի եթերում կներկայացնի մանրամասները:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։
Սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 70 500 մարդ։