ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս պահին աշխատում է Արցախի գործընկերների հետ` համակարգելու բոլոր բռնի տեղահանված թոշակառուների, նպաստառուների հատկացումները։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հատարարեց նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Կան տեխնիկական խնդիրներ` սկսած այդ բազաներին տիրապետելու, տվյալները հավաքագրելու առումով։ Ոչ միայն թոշակները, այլև ծերության, երեխայի խնամքի նպաստների հարցերը կան, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները կան։ Առաջիկա մի քանի օրվա ընթացքում այս մասին առավել հստակ կարող ենք տեղեկատվություն ունենալ»,– հայտարարեց նախարարը։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հավաստիացրեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում բոլոր բռնի տեղահանվածների նույնականացման հետ կապված ամբողջ ճշտգրտված տեղեկատվությունը պատրաստ կլինի։
«Եթե այսօրվա դրությամբ նույնականացված տվյալները վերաբերում են բռնի տեղահանված անձանց միայն երկու երրորդին, ապա կարծում ենք, որ մեկ շաբաթ անց ամբողջ կտիրապետենք ինֆորմացիային»,– նշեց Խաչատրյանը։
Փոխվարչապետը կարծիք հայտնեց, որ կլինեն ֆինանսական աջակցության տարբեր գործիքներ, որոնք միգուցե թոշակ կամ նպաստ չկոչվեն, սակայն շահառու յուրաքանչյուր խմբի հասցեական կարիքներին համապատասխան կլինեն։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 66 հազար 500 անձ:
Սեպտեմբերի 28-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։