Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ԱՄՆ ՄԶԳ–ն Հարավային Կովկասում աղետների արձագանքման թիմ կտեղակայի. Փաուեր

Սամանտա Փաուերը Հայաստան կատարած այցից հետո ասել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղի խոցելի բնակչության անվտանգությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասում աղետների արձագանքման թիմ է տեղակայել՝ համակարգելու ԱՄՆ-ի մարդասիրական աջակցությունը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը Հայաստան այցից հետո հայտարարություն է տարածել, որը հրապարակվել է USAID–ի կայքում։
«Արձագանքման թիմը կգնահատի իրավիճակը, կպարզի առաջնահերթ կարիքները՝ մեծացնելու օժանդակությունը, և կաշխատի գործընկերների հետ՝ ապահովելու հրատապ անհրաժեշտ օգնություն»,-ասել է նա։
Փաուերը Հայաստան իր այցից հետո ասել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի խոցելի բնակչության անվտանգությամբ։ Նա երախտագիտություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ բռնի տեղահանվածներին ընդունելու և կացարան տրամադրելու համար, ինչպես նաև մարդասիրական կազմակերպություններին, որոնք աշխատում են նրանց կարիքները հոգալու համար:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի՝ անցյալ շաբաթվա անընդունելի ռազմական գործողությունն էլ ավելի են վատթարացրել առանց այն էլ աղետալի մարդասիրական իրավիճակը։
Բաքուն պատրաստ է կազմակերպել ՄԱԿ համակարգողի այցը Լեռնային Ղարաբաղ
«Ինը ամիս Ադրբեջանն արգելափակել էր Լաչինի միջանցքը՝ փակելով կենսական ճանապարհը, որով Լեռնային Ղարաբաղի բնակիչներին մատակարարվում էր սննդամթերք, դեղորայք, վառելիք և առևտրային պաշարներով»,-նշել է Փաուերը:
Գործակալության ղեկավարը նշել է, որ Լաչինի միջանցքը պետք է լիովին և մշտապես բաց լինի, որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան ազատ տեղաշարժվել, համայնքները կարողանան օգտվել սննդից, դեղորայքից և այլ անհրաժեշտ պարագաներից, իսկ մարդասիրական կազմակերպությունները տեղում տեսնեն և արձագանքեն կարիքները:
«Ադրբեջանը պետք է պաշտպանի քաղաքացիական բնակչությանը, կատարի իր պարտավորությունները՝ հարգելու մարդու իրավունքները և իր երկրում բոլոր անձանց հիմնարար ազատությունները և իր ուժերով ապահովի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանումը», – նշել է նա:
Փաուերը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն արդեն հայտարարել է 11,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնության մասին՝ շարունակվող ճգնաժամից տուժած Հարավային Կովկասի համայնքներին աջակցելու համար: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո 23 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։