ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախի նախկին պետական նախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում 3 մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է երկրի պետական անվտանգության ծառայությունը։
Վարդանյանը ներգրավված է որպես մեղադրյալ։
«Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հատկանիշներով` ահաբեկչության ֆինանսավորում, ապօրինի զինված խմբերի ձևավորում և դրանց մասնակցություն, պետական սահմանի ապօրինի խախտում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` երեկ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն տարածեց` նշելով, որ առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Ադրբեջանի ԱԱԾ–ն հաստատեց Վարդանյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։