Ադրբեջանին արած մեծ նվերի դիմաց պետք է պահանջել Վարդանյանի և Բաբայանի վերադարձը. Օսկանյան

Վարդան Օսկանյանը. Արխիվային լուսանկար
Օսկանյանի համոզմամբ` Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի մեղադրանքները շինծու են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանին արած մեծ նվերի դիմաց ՀՀ իշխանություններն առնվազն պետք է պահանջեն Ռուբեն Վարդանյանի և Դավիթ Բաբայանի վերադարձը։ Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին գրառում է արել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Հայաստանի իշխանությունները ամեն ջանք պետք է ներդնեն, ներառյալ՝ բանակցությունների ընդհատում, ապահովելու նրանց ազատ արձակումը։ Սփյուռքը ևս այս հարցը պետք է դարձնի օրակարգային։ Իսկ միջազգային հանրությունը Ադրբեջանից միանշանակ պետք է պահանջի զերծ մնալ նման հետապնդումներից»,– ընդգծել է Օսկանյանը։
Օսկանյանը վստահեցնում է, որ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի մեղադրանքները շինծու են։
«Ադրբեջանը չունի իրավական որևէ հիմք նրան պահելու համար։ Նույնը վերաբերում է Դավիթ Բաբայանին և այլոց, որոնք, հնարավոր է` նման ճակատագիր ունենան։ Ռուբեն Վարդանյանը ՀՀ քաղաքացի է։ Նա այնտեղ էր՝ լինելու իր ժողովրդի կողքին և պաշտպանելու նրա ինքնորոշման իրավունքը։ Դավիթ Բաբայանը ծնունդով արցախցի է, նա նույնպես պայքարում էր իր նախնիների՝ իրեն ժառանգություն թողած հողը պաշտպանելու և այնտեղ ազատ ապրելու համար»,– շեշտել է ՀՀ նախկին արտգործնախարարը։
Նրա խոսքով` Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիների, ձերբակալվածների, առևանգվածների Հայաստան վերադարձը պետք է լինի Հայաստանի իշխանությունների օրակարգային գլխավոր հարցերից մեկը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27–ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Ադրբեջանական դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 4-ամսյա կալանքը։
Հիշեցնենք նաև, որ Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանն այսօր հայտարարել է, որ որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Նա իր այդ քայլը հիմնավորել է նրանով, ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։