Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց առևանգելու դեպքերն է ՀՀ ՄԻՊ–ը ներկայացրել ԵՄ դեսպանին

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին
Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած լուրջ հումանիտար խնդիրները և մարդու հիմնարար իրավունքների խախտումները։
«Պաշտպանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց առևանգելու, հայ ռազմագերիների խոշտանգումների, անմարդկային և վատ վերաբերմունքի այլ ձևերի և այլ դեպքերին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Մանասյանն անդրադարձել է նաև առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում վեր հանված հարցերին։
Իր հերթին դեսպանը կարևորել է պաշտպանի հաստատության գործունեությունը և վերջինիս դերը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել կայուն համագործակցությունը և ընդգծել համատեղ աշխատանքների ուղղությունները:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Սեպտեմբերի 28–ի ժամը 20։00–ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 76.407 մարդ է եկել Հայաստանի Հանրապետություն։