Ադրբեջանի կողմից կամայական ձերբակալություններ են տեղի ունենում. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ այս հարցը պետք է լինի ՀՀ իշխանությունների օրակարգում այնքան ժամանակ, մինչև հասցեագրված չլինի պատշաճ ձևով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Մինչև Հակարիի կամրջի անցակետը Ադրբեջանի կողմից կամայական ձերբակալություններ են տեղի ունենում։ ՀՀ կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա չափազանց անհանգստացնող փաստ է։ Մեր պետական մարմինները բոլոր նման դեպքերում պետք է համարժեք քայլերի դիմեն` կամայական ձերբակալված անձանց իրավունքները պաշտպանելու, այդ թվում` միջազգային ատյաններում»,– ընդգծեց նա։
Ըստ Փաշինյանի` այս հարցը պետք է լինի ՀՀ իշխանությունների օրակարգում այնքան ժամանակ, մինչև հասցեագրված չլինի պատշաճ ձևով։
Հիշեցնենք` երեկ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն տարածեց` նշելով, որ առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Ադրբեջանի ԱԱԾ–ն հաստատեց Վարդանյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։
Հրապարակվել են Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու կադրերը