2024 թ. ՀՀ կառավարությունը ցանկանում է ունենալ 2 տրիլիոն 566 մլրդ դրամի եկամուտ

ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարի վստահեցմամբ` աշխատանքի շուկայի դրական միտումները կպահպանվեն նաև 2024 թ.` նպաստելով հասարակության բարեկեցության բարձրացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. 2024 թ. ՀՀ կառավարությունը թիրախավորում է ապահովելու 7 տոկոսանոց տնտեսական աճ։ ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։
Ըստ նրա` 2024 թ. կլինի հարկեր–ՀՆԱ ցուցանիշի բարելավում շուրջ 0.75 տոկոսային կետով, որի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրլ 566 մլրդ դրամ, որը 2023 թ. ճշտված բյուջեի հարկային եկամուտներից ավելի կլինի 342 մլրդ դրամով կամ 15.4 տոկոսով։
«Չնայած նրան, որ տնտեսական ակտիվության զգալի մասը 2023 թ. ապահովել է ծառայությունների ճյուղը, սակայն աճ եղել է տնտեսության բոլոր ճյուղերում։ Տնտեսությունում տեղաշարժեր են եղել` մեծացնելով ՀՀ տնտեսական ներուժը։ Միտումերը, կարծում ենք, կպահպանվեն նաև 2024 թ.»,– ընդգծեց նախարարը։
Հովհաննիսյանի վստահեցմամբ` աշխատանքի շուկայի դրական միտումները կպահպանվեն նաև 2024 թ.` նպաստելով հասարակության բարեկեցության բարձրացմանը։
Նա տեղեկացրեց նաև, որ 2024 թ. ծախսերը կկազմեն 3 տրլ 17 մլրդ դրամ` գերազանցելով 2023 թ. ցուցանիշը շուրջ 415 մլրդ դրամով կամ 15.9 տոկոսով։ Ներկայացված ծախսային տվյալի մեջ կապիտալ ծախսերը 2024 թ. կկազմեն 695 մլրդ դրամ, որը 126 մլրդ դրամով կամ 22 տոկոսով ավելի կլինի 2023 թ. ցուցանիշից։