Վարդենիսում բացվել է Արցախից բռնի տեղահանվածների ընդունման կետ

Արցախից բռնի տեղահանվածներ Վարդենիսում
Վարդենիս խոշորացված համայնքն այս պահի դրությամբ ընդունել է Արցախից բռնի տեղահանված 171 քաղաքացու կամ 45 ընտանիքի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում սկսել է գործել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների ընդունման և հաշվառման կետ։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը ծանոթացել է հաշվառման գործընթացին։
Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հայրենակիցներին տեղավորում են տներում և հյուրանոցներում։
Թե համայնքը որքան ընտանիքի է դեռ պատրաստ ընդունել՝ Մկրտչյանը դժվարանում է ասել։
«Այս պահին համայնքում ունենք ազատ բնակարաններ, հյուրանոցներ։ Մեր ուժերի ներածին չափով ինչքան կկարողանանք կընդունենք, կօգնենք, կոնկրետ թիվ բնականաբար չեմ կարող ասել, քանի որ չգիտենք, դեռ քանի ընտանիք մեր համայնք կգա»,–ասաց նա։
Մկրտչյանի խոսքով` կան ընտանիքներ, որ ինքնակամ հյուրընկալել են մարդկանց։Կարևորն այն է, որ հիմնականում այնպիսի տներում են մարդկանց տեղավորել, որտեղ կան անհրաժեշտ բոլոր պայմանները։
Նրա խոսքով, Վարդենիս խոշորացված համայնքն այս պահի դրությամբ ընդունել է Արցախից բռնի տեղահանված 171 քաղաքացու կամ 45 ընտանիքի։ Առաջիկայում կլուծվի երեխաներին դպրոցներ ու մանկապարտեզներ տեղավորելու հարցը։
Էմիլին ու մայրը Վարդենսիում՝ ընտանիքներից մեկում
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Նշենք, որ վերջին տվյալների համաձայն` Արցախից բռնի տեղահանվել և Հայաստան է տեղափոխվել 50 243 անձ։ Հայաստանի 60-ից ավել համայնքներում կառավարության կողմից ստեղծվել են տարածքային հումանիտար կենտրոններ։