ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Շիրակի մարզը պատրաստ է ընդունել արցախցիներին։ Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցի ժամանակ վստահեցրեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը տեղեկացնելով, որ երեկ գիշեր սկսված հոսքը շարունակվում է։
«Թիվը փոփոխվում է։ Նրանց մի մասն արդեն կացարաններում է։ Կեցության վայրերը պատշաճ վիճակում են»,-նշեց մարզպետը հավելելով, որ այսօր ժամը 16։00-ի դրությամբ 146 անձ արդեն հյուրանոցներում ու հյուրատներում էր։ Մոտ 160 մարդ էլ ճանապարհին է, ու հասնելուն պես անմիջապես կտեղավորվեն։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները տեղակայվում են Գյումրիում, կան ընտանիքներ նաև Արթիկում և Ախուրյանում՝ հիմնականում հյուրանոցներում ու հյուրատներում։
Մարզպետը նշեց, որ այս պահին մարզի միայն հյուրանոցային ու հյուրատնային ցանցը կարող է տեղավորել 1700-2000 մարդու։ «Մինչ այս, կապված սեզոնի հետ, հյուրանոցներն ու հյուրատները զբաղված են եղել, ազատվելուն պես դրանք ևս կօգտագործվեն»,-ասաց մարզպետը5
Մարզում ստեղծված հանձնաժողովները շուրջօրյա աշխատանք են տանում, պատրաստ են համագործակցել ցանկացած կառույցի ու ընկերության հետ։
Հավելենք, որ Արցախից սեպտեմբերի 27-ի ժամը 18։00-ի դրությամբ բռնի տեղահանվել և ՀՀ սահմանը հատել է 53 629 անձ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։