Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ռուբեն Վարդանյանի հյուպատոսական մուտքի հարցով զբաղվում է ՀՀ ԱԳՆ–ն. աղբյուր

Վարդանյանին ադրբեջանցիները ձերբակալել են Արցախից Հայաստան տեղափոխվելու ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանցի սահմանապահների կողմից ձերբակալված Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հյուպատոսական մուտքի հարցով զբաղվում է ՀՀ ԱԳՆ–ն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Երևանի դիվանագիտական կառույցում իր աղբյուրին:
Հայտնել ենք, որ այսօր Արցախից Հայաստան տեղափոխվելու ժամանակ Լաչինի միջնացքով անցնելիս ձերբակալվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Վարդանյանի հյուպատոսական մուտքի հարցով զբաղվում է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ–ն, որը կպաշտպանի իր քաղաքացու իրավունքները»,– ասել է գործակալության աղբյուրը:
Հիշեցնենք` Վարդանյանն Արցախ տեղափոխվեց 2022 թվականի սեպտեմբերի 1-ին։ Նա պետնախարար նշանակվեց 2022 թվականի նոյեմբերի 4-ին և պաշտոնից ազատվեց 2023-ի փետրվարի 23-ին։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուբեն Վարդանյանին անվանել էր «Ռուսաստանից ներդրված անձ», մինչդեռ վերջինս Արցախ տեղափոխվելուց առաջ հրաժարվել էր ՌԴ քաղաքացիությունից։