ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա.Ե.–ն, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Ա.Մ.–ի և նրա օգնական Գ.Ս.–ի հետ հանցավոր պայմանավորվածությունների միջոցով 1,8 մլրդ դրամի վնաս է պատճառել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։
Ա.Ե.–ն դատավորի և նրա օգնականի հետ խաբեության եղանակով հափշտակել և օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով գույք։ Նշվում է, որ Ա.Ե.–ն վերջիններիս հետ ծանոթ է և տարբեր հարցերով շփումներ է ունեցել 2008 թվականից ի վեր։
«Մասնավորապես, 2012 թվականին Ա.Ե.-ն և Գ.Ս.-ն խաբեությամբ ձեռք են բերել Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանում գտնվող 0,75 հա մակերեսով՝ 300 մլն դրամ շուկայական արժեքով հողամասը: Նույն թվականին Ա.Ե.-ն 20 մլն դրամ շուկայական արժեքով 394 քմ մակերեսով հողամասը և դրա վրա գտնվող 543 քմ մակերեսով շինությունը հափշտակելու նպատակով ձեռք է բերել կեղծ փաստաթղթեր»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ 2013 թվականի հունվարին էլ Ա.Ե.-ն իր մտերիմ, փաստաբանական գործունեություն իրականացնող Ն.Հ.-ի, դատավորի օգնական Գ.Ս.-ի և քաղաքացի Վ.Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ ձեռք է բերել 1 մլրդ 500 մլն դրամ շուկայական արժեքով՝ Դավիթ Բեկ փողոցին հարող տարածքում գտնվող 2.61 հա մակերեսով հողամասը:
Նկարագրված 3 դեպքում հողամասերն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում գրանցելու (կեղծ փաստաթղթերով) և տնօրինելու հնարավորություն ստանալու նպատակով դիմում է ներկայացվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան. 3 դեպքում գործը մակագրվել է դատավոր Ա.Մ.-ին:
Ա.Ե.-ն նկարագրված 3 գործարքից 2-ի դեպքում տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքներով հողամասերի իր մասնաբաժնի իրական պատկանելիությունը և ծագումը թաքցրել է։
Նա օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 76 մլն դրամ և 138 մլն դրամ արժեքներով հողամասերը:
ՀՀ դատախազությունից հայտնում են, որ 2023 թվականի սեպտեմբերի 15-ին դատախազը Ա.Ե.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացումը) հոդվածներով:
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ Ա.Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը 2 ամիս ժամկետով: