Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներից ամեն 3-րդը երեխա է. Ժաննա Անդրեասյան

Արցախից տեղահանվածներ
ՀՀ–ում գործող տարբեր ՀԿ–ների հետ կրթական աջակցությանը վերաբերող ծրագրեր են լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների շրջանում երեխաների թիվը շատ մեծ է։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այս պահին արդեն հաշվառված քաղաքացիների համադրությամբ կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան մուտք գործած մարդկանցից ամեն 3-րդը երեխա է: Սա նշանակում է՝ մենք դպրոցներում շատ անելիք կունենանք»,– ընդգծեց նախարարը։
Անդրեասյանը հայտնեց, որ ԿԳՄՍՆ–ն համագործակցում է ոլորտում գործող ակտիվ ՀԿ–ների հետ, և ծրագրեր են լինելու, որոնք վերաբերելու են կրթական աջակցությանը, քանի որ շատերը դուրս են մնացել որոշակի դասապրոցեսներից։
Արցախից տեղահանված ուսուցիչների համար վերապատրաստման ծրագրեր կմեկնարկեն. Ժաննա Անդրեասյան
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Նշենք, որ վերջին տվյալների համաձայն` Արցախից բռնի տեղահանվել և Հայաստան է տեղափոխվել 50 243 անձ։