ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության փաստով։ Այս հայտարարությունը հրապարակվել է ինստիտուտի` X սոցցանցի միկրոբլոգում։
«Վարդանյանը, որը միշտ բացահայտ պաշտպանել է Արցախի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի առանձնահատուկ ատելությանն է արժանացել։ Նա և Արցախի կառավարության ու ինքնապաշտպանության բանակի ներկա և նախկին անդամներ կոչվել են «անջատողականներ և ահաբեկիչներ»… Որակումներ, որոնք պետություններն օգտագործում են ապօրինի ձերբակալություններն ու սպանություններն արդարացնելու համար»,– ասված է հայտարարությունում։
Ինստիտուտից նշում են, որ Վարդանյանի կյանքի և անվտանգության համար մտահոգությունն արդարացված է` հատկապես հաշվի առնելով այն վերաբերմունքը, որին արժանանում են 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիները:
«Դա լավ փաստագրված է»,– ընդգծել է Լեմկինի ինստիտուտը։
Կառույցը Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների, ինչպես նաև աշխարհի մյուս բոլոր առաջնորդներին կոչ է անում, որպեսզի պահանջեն Ռուբեն Վարդանյանի անվտանգ տեղափոխումն Ադրբեջանից, իսկ Արցախի կառավարության մյուս անդամների, ինչպես նաև պաշտպանության բանակի զինծառայողներն անարգել դուրս գան Արցախից։
Հիշեցնենք` Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդն այսօր հայտարարություն տարածեց` նշելով, որ առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Ադրբեջանի ԱԱԾ–ն հաստատեց Վարդանյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։