Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ի՞նչ են առաջարկում հեռահաղորդակցման օպերատորները Արցախից բռնի տեղահանվածներին

ՀՀ բջջային 3 օպերատորներից մեկն արդեն իսկ հայտարարել է անվճար քարտ տրամադրելու մասին, մյուս երկուսը խոստանում են ի նպաստ արցախահայերի հանդես գալ առաջարկությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված բնակիչներն ի թիվս բազմաթիվ այլ դժվարությունների` բախվում են մեկ այլ` միմյանց հետ կապի բացակայության խնդրի։ Արցախի 097 կոդով հեռախոսահամարները ՀՀ տարածքում օգտագործելը դժվարություններ է առաջացնում բնակիչների համար, և փաստորեն արցախցիները ՀՀ տարածքում կորցրել են միմյանց հետ կապ հաստատելու հնարավորությունը։
Այս օրերին ականատեսները փաստում են, որ Գորիսում «Վիվա–ՄՏՍ»–ի սպասարկման կետի մոտ մեծ հերթեր էին, իսկ այսօր «Վիվա–ՄՏՍ»–ն ու «Յուքոմը» շարժական սպասարկման կետեր են տեղադրել։
Նշենք, որ օպերատորներից «Թիմ Տելեկոմ Արմենիա»–ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ, որ անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին։
Մյուս օպերատորներից ևս Sputnik Արմենիան փորձեց հետաքրքրվել, թե ինչ առաջարկներ ունեն արցախցիներին։
«Վիվա–ՄՏՍ» ընկերության մամուլի պատասխանատու Վահե Իսահակյանը նշեց, որ հավուր պատշաճի առաջարկ կունենան արցախցիների համար, սակայն այդ մասին իրենք հայտարարությամբ հանդես կգան ավելի ուշ։
«Վիվա–ՄՏՍ»–ի շարժական սպասարկման կետ Գորիսում
Միևնույն ժամանակ Գորիսից մեզ հայտնի դարձավ, որ որոշ տեղահանվածների տրամադրվել են անվճար հեռախոսահամարներ։
«Յուքոմ» ընկերությունից ևս նշեցին, որ այսօր հանդես կգան հայտարարությամբ, սակայն չցանկացան մանրամասնել, թե ինչպիսին է լինելու հայտարարության բովանդակությունը։
«Յուքոմի» շարժական սպասարկման կետ Գորիսում
«Անպայման արցախահայերին օգուտ տվող հայտարարությամբ և առաջարկով հանդես կգանք»,–ասաց ընկերության մամուլի քարտուղար Դիանա Մնացականյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 24–ից սկսվել է Արցախի բնակիչների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 27–ի ժամը 12։00–ի դրությամբ Արցախից բռնի տեղահանվել և ՀՀ սահմանը հատել է 47 115 անձ։