ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. «Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» երեխաների և «Ստեփանակերտի տուն-ինտերնատի» տարեցների տեղավորման գործընթացը ՀՀ խնամքի հաստատություններում արդեն սկսվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։
«Գերծընթացն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԼՂ գործընկերների համագործակցությամբ։ Այլ մանրամասների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 24–ից սկսվել է Արցախի բնակիչների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 27–ի ժամը 12։00–ի դրությամբ Արցախից բռնի տեղահանվել և ՀՀ սահմանը հատել է 47 115 անձ։